Մեծ տոնի փոքրիկ արձագանքները

Նոյեմբերի 25-ին «Խաչքար» հայկական դպրոցում նորից տոն էր: Այդ փոքրիկ, հայաբույր օջախում հավաքվել էին սաները, մայրեր և հարազատներ, որպեսզի շնորհավորեն քնքուշ ու անկրկնելի մայրերին և ցանկանան ամենլավն ու բարին՝ Մայրության տոնի առթիվ: Այն սիրված ու սպասված տոն է` լի մայրիկների ժպիտներով, ջերմ արտասանություններով ու երգերով, ծաղիկներով ու նվերներով:

Աշխարհում, հավանաբար, չկա մի երկիր, որտեղ չի նշվում Մայրության օր: Ռուսաստանի Դաշնությունում Մայրության տոնը հռչակվել է 1998թ.-ին: Այն նշվում է նոյեմբեր ամսվա վերջին կիրակի օրը: Հայաստանում մայրության տոնը նշում են ապրիլի 7-ին:

«Խաչքար» դպրոցում այդ տոնը նշում են երկու անգամ:

Ուսուցչուհի Արշալույս Երեմյանը, բացելով հանդեսը, ասաց, որ հայկական օջախներում շատ մեծ է հայ կնոջ դերը երեխաների կրթության ու դաստիարակության գործում: Ավանդաբար հայկական ընտանիքում դրսի հետ կապված բոլոր հոգսերն ու խնդիրները լուծել է տղամարդը, ընտանիքի հայրը, իսկ մայրերն զբաղվել են երեխաների կրթության, դաստիարակության, ընտանիքի միասնության, կազմակերպվածության սուրբ հարցերով։ Հայրենիքից դուրս ապրող հայերի համար հայ կնոջ դերը բարձրանում է կրկնակի, նրանց պարտականությունները կրկնակի դժվարանում և բարդանում են։ Նա հայկական օջախը հայ պահող ամենամեծ ուժն է: Մայրն է ձևավորում, ուղղորդում երեխաների ազգային ինքնագիտակցությունը, ազգային խառնվածքը։ «Ամուր պահեք մեր սովորույթներն ու ավանդույթները, համոզված լինելով, որ դրանից միայն կշահեն մեր երեխաները և միշտ կքայլեն ճիշտ ճանապարհով»,- հորդորում էր նա։

«Խաչքարի» սաները իրենց սերը մայրերի հանդեպ արտահայտեցին տարբեր ձևերով: Ռիման իր անծայրածիր սերը հաղորդում էր հեղինակային բանաստեղծության միջոցով, Նարեկը և Անուշը պատրաստել էին ասույթներ և իմաստություններ մոր մասին, Քնարիկը, Հասմիկը, Անուշը և Անուշիկը նկարել էին իրենց մայրիկներին ու նվիրել նրանց այդ նկարները, որոնք լցված են անհուն սիրով և քնքշությամբ: Բոլոր սաները պատրաստել էին բացիկներ, որոնց մեջ իրենց բարի մաղթանքները գրել էին հայերենով:

Ռիման, Նարեկը, Մարինեն ու Դիանան ուսուցչի օգնությամբ բեմականացրել էին Հ. Թումանյանի «Ուլիկը»:

Առանձնապես հետաքրքիր էին խաղերը, որոնց մասնակցում էին բոլորը: Վերջում ցուցադրվեց «Ես և իմ մայրիկը» շնորհանդեսը, որը ուսուցչուհին պատրաստել էր դպրոցի աշակերտների և նրանց մայրերի տարբեր սյուժետային լուսանկարներով։

«Խաչքար» -ի սաների գեղեցիկ ելույթներից և բարեմաղթանքներից զգացված էին մայրերը, հրավիրված հյուրերը և ուսուցիչները:

Մամլո դիվան,

Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի

«Վերադառնալ

Հայ Առաքելական Եկեղեցի Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմ © 2010
"Internet Project"